Այսօր` օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Renault մակնիշի 34 QD 575 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչներ 25-ամյա Կարապետ Կարապետյանը և 29-ամյա Արսեն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն ու փրկարարները մեծ դժվարությամբ են կարողացել հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերել նրանց քանի որ գտնվում էին ծանր հոգեբանական ապրումների մեջ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից: Վիրավորներից Կ. Կարապետյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ նույնպես հայտնվել է ավտովթարի մեջ: Այսօր տեղի ունեցած վթարի ժամանակ նա և Ա. Հովհաննիսյանը իրենց դուրս են նետել ավտոմեքենայից: Նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի
Քարակերտ գյուղի Բաբաջանյան փողոցի 5-րդ շենքի բնակիչ 26-ամյա Լևոն Ավագյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Ի դեպ վերջին 10 օրվա ընթացքում նշված փողոցում մեկ այլ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդ վարորդը մահացել էր, այդ մասին հայտնել էինք ավելի վաղ: