Նույն գնային սահմաններում և, համարյա, բնակվելու նմանատիպ պայմաններ ունեցող հյուրանոցային համարներ ընտրելիս ուրիշ ի՞նչ չափորոշիչի վրա ուշադրություն դարձնել: Եթե Դուք ակտիվ հանգստի սիրահար եք և չեք պատրաստվում ժամանակի մեծ մասն անցկացնել հյուրանոցային համարում, ապա հյուրանոցի ընտրության հարցում, գնային կողմնորոշումից զատ Ձեզ հարկավոր է հաշվի առնել ևս մեկ շատ կարևոր հանգամանք. հաշվի պետք է առնեք, թե արդյոք ընտրած հյուրանոցի մոտակայքում կա՞ մետրոյի կայարան:
Քաղաք Դուբայն իր տարածքով գերազանցում է Երևանը: Ի տարբերություն մեր մայրաքաղաքի, որտեղ առատորեն կհանդիպենք ավտոբուսներ և երթուղային տաքսիներ, Դուբայում հասարակական տրանսպորտը թույլ է զարգացած: Նման պայմաններում հիմնական փոխադրամիջոցը տաքսի ծառայության հարմարավետ մեքենաներն են: Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա Դուբայի տաքսիի տարիֆով 1 կմ-ը մոտ 120 դրամ է: Մինիմալը 1000 դրամ է: Արդեն տեսնում ենք, թե որքան բարձր է սակագինը` համեմատած երևանյանի: Սրան գումարենք այն իրավիճակը, որը ստեղծվում է քաղաքի բազմաթիվ ճամփաբաժաններում. լուսաֆորի տակ կայանած տաքսիում հաշվիչը շարունակում է աշխատել րոպեավճարային սակագնով: Իսկ նման կայանումները մի քանիսն են և տևական են, քանի որ Դուբայի խաչվող ճանապարհները հիմնականում 3-ից 6-ն են. երկար է պետք սպասել մինչ լուսաֆորը կբացի քո մեքենայի ճանապարհը: Արդյունքում, 4 կմ ճանապարհը կկազմի մոտ 1400 դրամ, այնինչ Երևանում հաշվում են մինիմալ` 600 դրամ: Ավելի երկար ճանապարհին այդ տարբերությունը նվազում է, բայց սակագինը կրկին մեր հայրենակիցների օգտին չի գործում. 10 կմ ճանապարհի համար Դուբայում կվճարեք մոտ 1600-2000 դրամ: Դուբայում մեկ տեսարժան վայրից մյուսը, մեկ առևտրային կենտրոնից մյուսը տեղափոխվելու համար բավական երկար ճանապարհ պետք է անցնեք: ՈՒստի ստացվում է, որ տաքսիներով երթևեկելը նպատակահարմար չէ: Այստեղ օգնության է հասնում Դուբայի մետրոն: Անխափան ու ժամացույցի ճշտությամբ աշխատող մետրոն մի քանի անգամ կնվազեցնի Դուբայում վայրից վայր տեղափոխման ձեր ծախսերը՝ ի համեմատություն տաքսիներով երթևեկության: Իսկ յուրաքանչյուր կայարանում առկա գրությունները հեշտացնում են ձեզ անհրաժեշտ կայարան հասնելը՝ անգամ եթե առաջին անգամ եք օգտվում մետրոյից:
Դուբայում մի քանի անգամ հանգստացած մեր հայրենակիցները լավ գիտեն մետրոյով երթևեկելու նպատակահարմարության մասին: Նրանք նախընտրում են հյուրանոցային համար ամրագրել այնպես, որ տաքսիներով երթևեկելը հասցնեն մինիմալի:
Հայաստանյան տուրիստական գործակալության գրասենյակում պահանջեք տուրիզմի մենեջերներից Ձեզ ներկայացնել մետրոյի կայարաններին մոտ գտնվող հյուրանոցներ, իսկ Դուք առաջարկվածից արդեն կարող եք ընտրել` առաջնորդվելով սենյակի գնով և հարմարավետությամբ: